Հայկական դիվանագիտությունը վաղուց պետք է հրաժարվեր հայկական շահերի դեմ ուղղված տարրեր պարունակող փաստաթղթից, որը նաեւ ապակառուցողական մեծ ներուժ ունի: Այս մասին ասված է ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի հայտարարությունում, որը տարածվել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթի կապակցությամբ:
«Ջեյմս Ուորլիքի ելույթում մեկ հիմնական մեսիջ կա: Դեսպանը հասկացնում է, որ միջազգային դիտորդները շարունակում են ղեկավարվել Մադրիդյան սկզբունքներով:
Անցած հինգ տարիներին քանիցս խոսվել է Մադրիդյան փաստաթղթի իրականացման վտանգի մասին: Լուրջ փաստարկներ էին բերվել հօգուտ վաղուց հնացած մոտեցումներից հրաժարվելու, որն ուղղված է ոչ թե տարածաշրջանային կայունության պահպանմանը, այլ դրա վերացմանը:
Հայկական դիվանագիտությունը վաղուց պետք է հրաժարվեր հայկական շահերի դեմ ուղղված տարրեր պարունակող փաստաթղթից, որը նաեւ ապակառուցողական մեծ ներուժ ունի: Վաղուց ժամանակն է ԼՂ-ի հարցով միջազգային դիտորդներին ազատել կեղծ պատրանքներից, ինչը հակամարտող կողմերին թույլ կտա նոր իրողություններին համապատասխան կարգավորման նոր սխեմաներ մշակել:
Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կրկնել էր ԼՂ հակամարտության կարգավորման «հիմնական սկզբունքները, որոնք վերջին 3-4 տարում վերագրվում էին ԵԱՀԿ ՄԽ-ին. Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքների վերադարձն Ադրբեջանի վերահսկողությանը, ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակի տրամադրումը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքի ստեղծումը, ներքին տեղահանվածներին ու փախստականներին իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքի տրամադրումը:




























