Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտարարություն է արել եւ դրա պաշտոնական պատասխանը ստացել: Հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը` կառավարության մայիսի 8-ի նիստի ավարտից հետո:
«Հայտարարությանը ԱԳՆ-ի պաշտոնական պատասխանն է հետեւել: Դժվար է այդ շրջանակից դուրս որեւէ այլ գնահատական տալ»,- նշել է Մանասարյանը` հավելելով, որ Ռուսաստանի դեսպանն ազատ է իր գործողություններում, իսկ Հայաստանի ԱԳՆ-ն, իր հերթին, պատասխան է տվել դրանց:
Հիշեցնենք` օրերս Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը «Հայաստանի տարածքում գործող` ռուս-հայկական հարաբերություններում սեպ խրելու ցանկություն ունեցող հասարակական կազմակերպությունները չեզոքացնելու» անհրաժեշտության մասին էր հայտարարել: «Ռուսաստանում, ի միջի այլոց, օրենք է ընդունվել, որ հստակ կարգավորում է սահմանում ՀԿ-ների համար: Ի վերջո, միանգամայն ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունը ռուս-հայկական բարեկամության դեմ են ուղղում, ոչ Ռուսաստանի հանդեպ բարի ցանկություններ ունեն, եւ ոչ էլ` Հայաստանի»,- հավելել էր դեսպանը:
Իր հերթին, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցին, հայտարարել էր. «Չեմ կարծում, որ որեւէ հասարակական կազմակերպություն ի վիճակի է սեպ խրել երկու ժողովուրդների, Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններում, որոնք դարավոր բարեկամության վրա են հիմնված եւ ժամանակի փորձությանն են դիմակայել: Հայաստանում գործող բոլոր կազմակերպությունները ՀՀ օրենսդրությանը համապատասխան են գրանցվում եւ գործում»,- ամփոփել էր Տիգրան Բալայանը:




























