Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը առաջարկում է նոր Սահմանադրությունում արձանագրել տեղական համայնքների լեզուներին հատուկ կարգավիճակ տալու իրավունքը, ասված է նրա՝ Մայիսի 9-ի առթիվ հղած ուղերծում:
«Թե ինչ տոներ նշել, ում հերոս համարել, որ եկեղեցում աղոթել, ինչ լեզվով խոսել, սրանք երբեք մարդկանց վերեւից չեն պարտադրվում», - ասել է վարչապետը:
Նա հիշեցրել է, որ «Կիվալով-Կոլեսնիչենկոյի» օրենքն ուժի մեջ է մնում:
«Այն մարզերում, որտեղ մարդկանց մեծամասնությունը ռուսերեն է խոսում, այն տարածաշրջանային լեզվի իրավական կարգավիճակ ունի», - հիշեցրել է Յացենյուկը:
«Որպես վարչապետ՝ սահմանադրական փոփոխությունները քննարկելիս կառաջարկեմ մի օրենք, ըստ որի՝ ուկրաիներենը որպես պետական լեզու պահպանելու դեպքում տեղական խորհուրդները իրավունք կստանան հատուկ կարգավիճակ տրամադրել ռուսերենին կամ այլ լեզուներին», - խոստացել է նա, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»:




























