Ղարաբաղի մասին ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունը պետք է ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունից ոչ պակաս բուռն արձագանք ունենար, մայիսի 8-ին լրագրողներին հայտնել է ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի  խոսքերը: Վերջինս հարցազրույց  էր տվել «Նոյյան տապան» ուսալեզու պարբերականին եւ մասնավորապես նշել էր, որ պետք է այլ  մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում՝ որպես օրինակ նշելով ՌԴ-ում ՀԿ-ների գործունեությունը կարգավորող օրենքը:

«Վստահ եմ, որ հարցն ամբողջական չէ, քանի որ պետք է անհանգստացներ ոչ միայն ՌԴ դեսպանի հայտարարությունը, այլեւ ԱՄՆ դեսպանի հրապարակումը՝ Ջեյմս Ուորլիկի ելույթից հետո: Թվիթերում հայտարարության հենց այն հատվածի տեղադրումը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, կարծում եմ պետք է ավելի բուռն արձագանք առաջացներ լրատվամիջոցներում», - ընդգծել է Աշոտյանը:

Նշենք, որ երեկ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը թվիթերում Վաշինգթոնում Ուորլիքի ելույթից հատվածներ էր հրապարակել, որոնք ընդհանուր առմամբ կրկնում էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Մադրիդյան սկզբունքները: Դեսպանը մասնավորապես նշել էր. «ԼՂ-ի շրջակա գրավված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ Հայաստանի հասարակական կյանքում աճում է ՀԿ-ների դերը, եւ շատերի համար իրականում գլխավոր արժեքն են պետությունը եւ հայրենիքը:  Սակայն կան նաեւ այնպիսիք, ովքեր առաջնորդվում են «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը» սկզբունքով: Սակայն դա օրենքի խախտում չէմ: «Իսկ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում ոչ մի ՀԿ չի կարող սեպ խրել, որքան մեծ դրամաշնորհ էլ որ ստանա», - նշել է Աշոտյանը: