Ղարաբաղյան հարցի լուծման բանալին ոչ Վաշինգտոնում է, ոչ էլ Մոսկվայում, այլ՝ ղարաբաղում: Այս մասին մայիսի 8-ին ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով ղարաբաղյան կարգավորման մասին հարցին:

Ըստ Շարմազանովի՝  ցանկացած հիմնախնդիր, այդ թվում նաեւ՝ Ղարաբաղինը, պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով: «Մի քանի օր անց մենք նշելու ենք հրադադարի հաստատման 20 տարին, եւ այս տարիներին ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն ապացուցել են, որ մենք ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման կողմնակիցներ ենք: Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ջանքերը, սակայն պետք է գիտակցել, որ ղարաբաղյան հարցը լուծելու համար պետք է արմատախիլ անել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու նույնիսկ տեսական ցանկությունը: Մինչդեռ, այն ժամանակ, երբ Հայաստանը շարունակում է մնալ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կողմնակից, Ադրբեջանը հայատյացությունն իր գաղափարախոսությունն է դարձրել»:

Փոխխոսնակը նաեւ նշել է, որ Ղարաբաղի հարցի լուծման կարեւորագույն պայման է փոխադարձ զիջումների գնալու կողմերի պատրաստակամությունը, մինչդեռ հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո պաշտոնական Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը  սկսել է հակասել ԵԱՀԿ ՄԽ-ի երեք սկզբունքներին՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք:  «Ադրբեջանն առաջնորդվում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքով: Սակայն ղարաբաղյան հարցի կարգավորման համար ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցային գործընթացի լիիրավ անդամ: Եվ միանշանակ է, որ ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am