ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ինձ համար ընկեր է, բայց ճշմարտությունից թանկ չի կարող լինել: Կառավարության մայիսի 8-ի նիստից հետո, ԱՄՆ դեսպանի` Twitter-ում գրառումները մեկնաբանելիս նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ գիտության ու կրթության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Amicus Plato, sed magis amica veritas. Հռոմեացիները հայտնի ասվածքը վերաձեւակերպելով` կարող եմ իմ անձնական կարծիքն ասել` ԱՄՆ դեսպանն ինձ ընկեր է, բայց ճշմարտությունից թանկ չի կարող լինել: ՀՀ կառավարության եւ ընդդիմության գլխավոր խնդիրը հետեւյալը պետք է լինի` թույլ չտալ, որ ԼՂ հակամարտությունը համաշխարհային գեոքաղաքական պայքարի նոր օջախ եւ Ռուսաստան-ԱՄՆ ու Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների ասպարեզ դառնա, որոնք առանց այն էլ լարվել են Ուկրաինայի շուրջ տիրող իրադրության համատեքստում»,- ընդգծել է Աշոտյանը:

Նշենք, որ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը երեկ Twitter-ի իր միկրոբլոգում հետեւյալ գրառումն էր արել. «ԼՂ շուրջ գրավյալ տարածքները պետք է Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձվեն»: