Հայաստանը միջուկային զենք չունի եւ փոքրածավալ բնական ռեսուրսներով է օժտված, բայց միաժամանակ, այնպիսի հարեւանների առկայությամբ, ինչպիսիք Ադրբեջանը եւ Թուրքիան են, անվտանգության ապահովման հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Եւ խնդրին անլուրջ մոտեցում կլիներ, եթե Հայաստանը որոշեր այս կամ այն ռազմաքաղաքական բլոկի անդամ չդառնալ: Մայիսի 8-ին, ուսանողների հետ հանդիպմանը, պատասխանելով Հայաստանի` ՄՄ-ին անդամակցմանը վերաբերող հարցին, հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, Հայաստանը եղել եւ շարունակում է Արեւմուտքի ու Արեւելքի շահերի հատման կետում մնալ, ինչի մասին են վկայում պատմական փաստերը, որոնց օգնությամբ նաեւ հայ-ռուսական բարեկամությունն ու գործընկերությունն են բազմիցս ստուգվել: «Հայաստանը ՀԱՊԿ-ն է ընտրել` այլընտրանք ունենալով Հյուսիսատլանտյան դաշինքը, որի անդամներից մեկը Թուրքիան է: Այս տարիների ընթացքում հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններն ապացուցել են գեողաքաղաքական պլանում իրենց գործունակությունը: Եվ այդ տեսանկյունից Հայաստանի ընտրությունն արդարացված է»,- նշել է Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը նաեւ նշել է, որ ռազմավարական գործընկեր Ռուսաստանից բացի, ոչ ոք երկրի վրա հարձակման պարագայում անվտանգության երաշխիքներ չի տվել: Սակայն ՄՄ-ին անդամակցումը չի նշանակում, թե Հայաստանն այլեւս ԵՄ երկրների հետ հարաբերություններ զարգացնելու ցանկություն չունի: «Մենք շարունակում ենք բարեփոխումները եւ պատրաստ ենք շարունակել համագործակցությունը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:




























