Այսուհետ «Օրինաց երկիր» կուսակցությունը Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ճամբարում է գործելու: Այս մասին մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսին հայտնել է կուսակցությունը ներկայացնող խորհրդարանական Հովհաննես Մարգարյանը:

Անդրդադառնալով խորհրդարանական քառյակի հետ համագործակցության հնարավորությանը, պատգամավորն ընդգծել է. «Մենք միշտ էլ ակտիվորեն համագործակցել ենք բոլոր քաղաքական ուժերի ու գործիչների հետ եւ աջակցություն ցուցաբերել այն գործընթացներին, որոնք ժողովրդին հուզող հարցերի լուծմանն են միտված եղել»: Մարգարյանը նաեւ նշել է, որ իրենց խմբակցությունը «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հրավերով մասնակցել է չորս քաղաքական ուժերի հանդիպմանը:

«Խորհրդարանական քառյակը հաշվիչ հանձնաժողովում մեր ներկայացուցչին հետ կանչելու առաջարկով էր հանդես եկել, ինչը արեցինք: Մի խոսքով, որտեղ էլ որ լավ նախաձեռնություն լինի, ՕԵԿ-ը պատրաստ է միանալ դրան: Ներկայումս մեր գործընկերների պատասխան աջակցություն ենք ակնկալում` պարտադիր կենսաթոշակային վճարումների մասին օրինագծի հարցում»,- հայտարարել է պատգամավորը, հավելելով, որ իրենց կուսակցությունը պատրաստ է որոշակի հարցերի շուրջ ցանակացած ձեւաչափով համագործակցել խորհրդարանական քառյակի հետ: