ՕԵԿ-ի կողմից բաց եւ ազնիվ գնահատական կտրվի ՀՀ կառավարության կոնկրետ աշխատանքին, մայիսի 8-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ անդրադառնալով նոր կառավարությանը եւ դրա ապագա գործունեությանը:
Ըստ պատգամավորի՝ կառավարության ծրագիրը չպետք է կազմված լինի միայն բարի ցանկություններից: «Մասնավորապես, սոցիալական բնագավառում, մեր ժողովրդի առաջ կուտակվել են մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Երբ լինի կառավարության ծրագիրը, եւ մենք այդ հարցերի որոշակի լուծումներ տեսնենք, այն ժամանակ էլ կտանք մեր քաղաքական գնահատականը: Իսկ եթե բարի ցանկությունների ծրագիր լինի, այդ դեպքում եւս մենք կտանք մեր գնահատականը», - նշել է Հովհաննես Մարգարյանը:
Անդրադառնալով նոր կառավարության կազմին՝ պատգամավորն ընդգծել է, որ, իհարկե, ավելի լավ կլիներ, եթե գործադիր մարմնում լինեին նոր մոտեցումներով նոր անձինք:
Նշենք, որ ՀՀ կառավարության մայիսի 8-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ կառավարության ծրագիրը խորհրդարանին կներկայացվի մինչեւ մայիսի 23-ը:




























