Խոսակցություններն այն մասին, թե իբր ՀՀԿ-ն ԱԺ պետա-իրավական հարցերով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը «Օրինաց երկիր» կուսակցությանն է զիջել, մտացածին են: Մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսին նման հայտարարությամբ է հանդես եկել ՕԵԿ խորհրդարանական Հովհաննես Մարգարյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք պատրաստվում է կուսակցության ընդդիմադիր ճամբար տեղափոխվելու արդյունքում հրաժարվել ԱԺ պետա-իրավական հարցերով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից, պատգամավորն ընդգծել է, որ համաձայն ՀՀ ԱԺ կանոնակարգի, գոյություն ունեն քվոտաներ` անկախ այն հանգամանքից`իշխանության ղեկին է տվյալ կուսակցությունը, թե ընդդիմադիր:

«Այդ քվոտաներին պատգամավորների ներկայացման հարցը խորհրդարանական խմբակցությունն է որոշում: Մեր խմբակցությունն իր թեկնածությունն է առաջադրել պետա-իրավական հարցերով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնին, որ «Օրինաց երկրին» էր տրամադրվել: Յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցությանը տրամադրվող պաշտոններից քանակը խորհրդարանում զբաղեցրած տեղերի քանակից է կախված»,- մեկնաբանել է Հովհաննես Մարգարյանը, հավելելով, որ ՕԵԿ-ը, ինչպես եւ ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ՀԱԿ կուսակցությունները հանձնաժողովի նախագահի քվոտա չունեն` ի տարբերություն ԲՀԿ-ի: