Ադրբեջանցիները մինչեւ ատամները զինված էին, բայց հայերը գիտեին, թե ինչի համար են կռվում: Մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսին նման հայտարարությամբ է հանդես եկել պաշտպանության նախկին նախարար, ղարաբաղյան պատերազմի մասնակից գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը`վերհիշելով 1992թ. մայիսի 8-ին Շուշի ամրոց-քաղաքի ազատագրման գործողությունը:

Նրա խոսքով, գրագետ նախագծված գործողությունները, տեղի ունեցող իրադարձությունների խորը ըմբռնումն ու հայերի համախմբվածությունը որոշիչ դեր խաղացին քաղաքի ազատագրման գործում, չնայած որ «ադրբեջանական բանակի եւ նրա ռազմական տեխնիկայի թվաքանակը մի քանի անգամ գերազանցում էր մեր ուժերին»:

Գեներալ-մայորը նշել է, որ Շուշիի ազատագրումը երեք ուղղություններով է ընթացել: Գործողության ընթացքում, Պետրոսյանի վերհիշմամբ, հայկական կողմը խաղաղ բնակչությանը թույլ է տվել ՄԻ-26 ուղղաթիռներով փրկության դիմել: «Մենք բաց միջանցք էինք թողել փախչող ադրբեջանցիների համար, չնայած հիմա նրանք ամեն կերպ հերքում են դա: Իսկ ավելի վաղ նրանք 2200 հայերի, որոնց թվում` մերկ ու տանջահար կանայք, դուրս էին քշել քաղաքից»,- նշել է Աստվածատուր Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Շուշիի ազատագրման 22-ամյակն է նշվում: