Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության հայցի քննությանն այսօր՝ մայիսի 8-ին, ՀՀ Վարչական դատարանում ոստիկանության ներկայացուցիչները տեսանյութեր են ներկայացրել դատարանին, որոնք կցված չեն եղել վարչական վարույթին:
«Տեսանյութերը պատշաճ կերպով մեզ չէին ուղարկել, մենք չէինք ստացել: Քանի որ մենք դրանց ծանոթ չէին, միջնորդեցինք, որ մեզ ժամանակ տրամադրեն, որպեսզի նայենք դրանք ու մեր դիրքորոշումը հայտնենք դրա վերաբերյալ. արդյոք այդ տեսաերիզները սույն գործով հանդիսանում են ապացույց, թե ոչ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կիվիրյանը:
Նշենք, որ նախորդ դատական նիստին Կիվիրյանն ու պաշտպանները ոստիկանության գործողությունները ոչ օրինաչափ ճանաչելու պահանջով հակընդդեմ հայց էին ներկայացրել դատարանին: Այն կքննվի ոստիկանության հայցի հետ համատեղ:
Նշենք, որ ըստ ոստիկանության հայցի՝ Արգիշտի Կիվիրյանը նախորդ տարվա սեպտեմբերի 4-ին Բաղրամյան 26-ում Մաքսային միության դեմ բողոքի ժամանակ չի կատարել ոստիկանների պահանջը: Մինչդեռ Կիվիրյանին քաղաքացիական համազգեստով անձինք բերման էին ենթարկել ոչ թե Բաղրամյան 26-ից, այլ ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմացից, որտեղ Կիվիրյանը գնացել էր որպես լրագրող և սպասում էր այդ օրը բերման ենթարկված ակտիվիստներին:




























