Տավուշի մարզում շարունակում են որոնել Բագրատաշեն գյուղի բնակիչ, 68-ամյա Էլմիրա Մելքոնյանին, որը մայիսի 7-ին տնից դուրս գալիս՝ հարազատներին հայտնել է, որ ինքնասպանություն է գործելու: Այս մասին NEWS.am-ին ասաց Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանը:

«Այս պահին Դեբեդ գետի մոտ ենք, ոստիկաններն ու փրկարարները սանրում են գետը, սակայն դեռ նորություն չկա»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Էլմիրա Մելքոնյանը առողջական խնդիրներ չուներ, սակայն երիտասարդ որդին վերջերս կաթված էր ստացել:

«Ամուսինն էլ է հիվանդ, մտածում ենք, որ կարող է՝ դա պատճառ լինի նման քայլի դիմելու համար»,- նշեց գյուղապետը՝ ավելացնելով, որ միջին ապրող ընտանիք են:

Ավելի վաղ ԱԻՆ հայտնել էր, որ մայիսի 8-ին, ժամը 13.26-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ` 1946 թ. ծնված Է. Մ.-ը. մայիսի 7-ին տանից դուրս է եկել եւ չի վերադարձել. վերջինս տան անդամներին տեղեկացրել է, որ ինքնասպանություն կգործի՝ նետվելով Դեբեդ գետը: