Կառավարության մայիսի 8-ին կայացած նիստում հաստատվեց Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի թեկնածությունը Կոտայքի մարզպետի պաշտոնին: Արդեն երկուշաբթի օրվանից նորանշանակ մարզպետը կլինի իր աշխատավայրում եւ կանցնի աշխատանքային պարտականությունների կատարմանը: Արամ Հարությունյանը պատասխանել է  NEWS.am-ի թղթակցի մի քանի հարցերին:

Պարոն Հարությունյան, անակնկա՞լ էր Ձեզ համար մարզպետի պաշտոնում նշանակվելը:

Ես նման կատեգորիաներով չեմ առաջնորդվում: Որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ՝  սիրով ստանձնել եմ  այդ պատասխանատվությունը եւ հաշվի առնելով իմ երկար աշխատանքային փորձը՝  իմ մեջ ուժ կգտնեմ այդ պատասխանատվության տակ մտնելու եւ իմ առջեւ դրված բոլոր խնդիրները կատարելու: Աշխատելու եմ նվիրումով, քրտնաջան եւ մարզի յուրաքանչյուր բնակչի համար իմ սիրտը ցավալու է, ամեն ինչ անելու եմ, որ կարողանամ լուծել իմ առջեւ դրված խնդիրները:

Ամենաերկարամյա նախարարներից եք եղել, տխուր չե՞ք, որ հրաժեշտ եք տվել այդ պաշտոնին:

Բացարձակ տխուր չեմ հեռացել նախարարությունից, առաջիններից մեկն եմ եղել, որ շնորհավորել եմ  նոր նշանակված նախարարին: Բնապահպանության նախարարությունը զգայուն ոլորտ է, ես հաջողություն եմ մաղթում նոր նախարարին եւ թիմին, անհրաժեշտության դեպքոմ պատրաստ եմ ամեն ինչով աջակցել նրանց, լինել նախարարության կողքին: Բնապահապանության նախարարությունում, իսկապես, պրոֆեսիոնալ կոլեկտիվ է հավաքված եւ ես ուրախ եմ, որ աշխատել եմ այդտեղ՝  լավ թիմի եւ պրոֆեսիոնալ մասնագետների հետ:

Ի՞նչ ժառանգություն եք թողնում նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին:

Ես համեստորեն կլռեմ իմ արած աշխատանքի մասին եւ որեւէ գնահատական չեմ տա:

Պարոն Հարությունյան, Ձեր պաշտոնանկության մասին վաղուց  էր խոսվում, մշտապես նշվում էր, թե դա կապված է ոլորտում հայտնաբերված չարաշահումների մասով Ձեր դեմ հարուցված քրեական գործերի հետ եւ դրանց պատճառով Ձեզ ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել:

Իմ դեմ որեւէ քրեական գործ չի հարուցվել եւ նման բան չէր կարող լինել: Եթե նկատի ունեք Արարատյան դաշտավայրի հետ կապված խնդիրները, ապա վերջին 1,5 տարիներին այդտեղ քրտնաջան աշխատանք ենք ծավալել, հայտնաբերել ենք անօրինական դեպքեր եւ ներկայացրել ենք իրավապահ մարմիններին, նրանք զբաղվում են այդ հարցերով: Կարծում եմ՝ այս գործընթացը պետք է շարունակական լինի: Ինձ ոչ ոք չի ստիպել աշխատանքից ազատման դիմում գրել, նման բան չկա, պարզապես Կառավարությունը հրաժարական է տվել, ինչի արդյունքում ես տեղափոխվել եմ մեկ այլ աշխատանքի, դա քաղաքական թիմի որոշումն է եւ ես որեւէ խնդիր այդտեղ չեմ տեսնում:

Այսքան տարի նախարար աշխատելուց հետո՝ ստացվում է, որ մարզպետ նշանակելով՝ Ձեր պաշտոնը իջեցրել են:

Ես նման կոմպլեքսներ չունեմ, կարեւորը պետության ծառայելն է, ոչ թե զբաղեցրած պաշտոնը: Կոտայքի մարզպետ եմ նշանակվել Կառավարության որոշմամբ եւ գիտակցումով, նվիրումով ստանձնել եմ այդ պաշտոնը եւ պատվով  կատարելու եմ այդ աշխատանքը:  Ես Եղվարդի բնակիչ եմ, իմ անունը միշտ՝ որտեղ էլ որ եղել եմ, ասոցացվել է  Եղվարդի հետ եւ ես միայն հպարտ եմ դրա համար: Նախարար նշանակվելուց հետո ես իմ ծննդավայրը չեմ լքել եւ չեմ մոռացել: Այնպես որ քաջածանոթ եմ մարզի խնդիրներին, տարեկան հաշվետվություններին, առաջնորդվելու եմ մարզի 2014 թվականի գործունեության պլանով, որը մշակված եւ ընդունված է, Կոտայքի մարզի բոլոր խնդիրները լինելու են իմ ուշադրության կենտրոնում, իսկ առաջնահերթ՝ բնապահպանական, առողջապահական եւ սոցիալ-տնտեսական խնդիրները: 

Կադրային ջարդ անելո՞ւ եք:

Բնականաբար, կադյրսյին ջարդը բացառված է, դա իմ աշխատելաոճը չէ, բայց ովքեր չհամապատասխանեն օրենքով սահմանված չափանիշներին, դրան համապատասխան եզրակացություն կանենք: Այստեղ պետք է տարբերակել երկու կատեգորիա, մարզում եւ մարզպետարանում կան ընտրովի պաշտոններ, օրինակ՝ համայնքները, եւ քաղծառայողները, այնպես որ առաջնորդվելու եմ «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Քաղծառայության մասին» օրենքներով, որեւէ բան չի արվելու այդ շրջանակներից դուրս:

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը Ձեզ ինչպիսի՞ ժառանգություն է թողել՝  ավելի շատ արված գործերն են, թե չարվածները:

Որպեսզի արվածի եւ չարվածի համեմատականը կատարեմ, առնվազն պետք է ինձ տաք 100 օրվա հնարավորությունը:  Եթե դեռեւս չեմ գնացել, չեմ տեսել, ի՞նչը ինչի հետ համեմատեմ,  պետք է աշխատել եւ տեղում ծանոթանալ իրավիճակին: Իհարկե, ես տեղեկացված եմ մարզի մասին, գիտեմ, որ հարկերի, տուրքերի առումով Կոտայքը առաջատար է, բայց արված, չարվածին գնահատական տալու համար խնդրում եմ ինձ որոշակի ժամանակ տալ:

Հնարավո՞ր է Կովալենկո Շահգալդյանին պաշտոն տաք մարզպետարանում, նա մասնագիտությամբ ինժեներ է եւ ասել է, թե մտածում է մասնագիտությամբ աշխատելու մասին:

Հարցը կոռեկտ չեմ համարում:

Պարոն Հարությունյան, Կոտայքի մարզը ընկալվում է որպես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի իշխանության տիրույթ, ընտրություններին այդտեղ լուրջ պայքար է ընթանում,  ԲՀԿ առաջնորդի փեսան էլ՝ որպես Աբովյանի քաղաքապետ, փաստորեն հիմա Ձեր հետ պետք է աշխատի, չե՞ք վախենում Գագիկ Ծառուկյանի հետ առճակատումներից, մարզում իշխանությունը կիսել, չկիսելու խնդիրներից:

Մեզնից յուրաքանչյուրն ունի իր իրավունքները եւ պարտականությունները, հենց այդպես էլ պատկերացնում եմ մեր գործունեությունը: Ունեմ այն համոզումը, որ յուրաքանչյուրս պետք է հետապնդի պետականաշինության, մարզային խնդիրները  լուծելու, ազգաբնակչության սոցիալական իրավիճակը բարելավելու նպատակներ: Բավականին երկար աշխատանքային փորձ ունեմ եւ չեմ կարծում որ բարդություն կարող է առաջանալ, գիտեմ մարզպետի իրավունքները եւ պարտականությունները եւ միանշանակ կարող եմ ասել, որ ես իմ տեղում եւ դիրքում եմ լինելու: Իսկ քաղաքական գործընթացները իրականացվում եմ քաղաքական ղեկավարների կողմից եւ այդ գործունեության շրջանակներում, պետք է պահպանվի թույլատրելիի, աշխատանքի եւ փոխադարձ հարգանքի սահմանը, այդպես էլ ծավալելու եմ իմ գործունեությունը եւ չեմ պատրաստվում այլ հարթություններ մտնել: Բոլորիս նպատակը մեկը պետք է լինի՝ ամեն ինչ անել հանուն Կոտայքի եւ բնակչության բարօրության:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը