ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը առաջարկում է ժամանակագրության տեսանկյունից համադրել Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի կոչերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հասցեին եւ վերջինիս հայտարարությունները ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ: Այս մասին Ուրիխանյանը նշել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում՝ հետեւությունները թողնելով ընթերցողին:
Նա պարզաբանել է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար դիրքորոշում է հայտնել, որը ներկայումս արտահայտում են այլ պետությունների պաշտոնական ներկայացուցիչները:
Ուրիխանյանի խոսքով՝ ցանկացած սթափ դատող հայ պետք է հստակ դիրքորոշում ունենա ԼՂ խնդրի վերաբերյալ:
Անդրադառնալով հարցին՝ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ մադրիդյան սկզբունքները չե՞ն կորցրել իրենց արդիականությունը, պատգամավորը պատասխանել է, որ ամեն ինչ շատ պարզ է. «ԼՂՀ անկախությանը ներկայումս այլընտրանք չկա»: Նա նաեւ ընդգծել է, որ չեն կարող քննարկվել արյան ու մարդկային կյանքերի գնով ստացած ձեռքբերումներից ինչ-որ զիջումներ:
Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կրկնել էր ԼՂ հակամարտության կարգավորման «հիմնական սկզբունքները, որոնք վերջին 3-4 տարում վերագրվում էին ԵԱՀԿ ՄԽ-ին. Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքների վերադարձն Ադրբեջանի վերահսկողությանը, ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակի տրամադրումը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքի ստեղծումը, ներքին տեղահանվածներին ու փախստականներին իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքի տրամադրումը:




























