Կրթության եւ գիտության նախարարության աշխատակիցները մայիսի 8-ին այցելել են Սեւանի ավագ դպրոց՝ պարզելու համար, թե 12-րդ դասարանցիներին իրականում ինչ «էրոտիկ» տեսանյութ է ցուցադրվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց այդ դպրոցի գերմաներենի ուսուցչուհի Անահիտ Կարապետյանը, որն էլ օրերս բաց նամակ էր ուղարկել կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ պնդելով, որ իրեն վարկաբեկում են:
«Նախարարության ներկայացուցիչներ՝ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Մնացականյանն ու կրթության պետական տեսչության պետի տեղակալ Աշոտ Արշակյանն էին այսօր այցելել: Մինչեւ ժամը 17:00-ն դպրոցում են մնացել, զրուցել աշակերտների, ուսուցիչների եւ տնօրենի հետ: Երկար զրույցից հետո նրանք խոստացան, որ հետամուտ են լինելու, իսկ ես շարունակում եմ պնդել, որ իմ դեմ դավ են նյութել տնօրեն Լիանա Մկրտչյանն ու փոխտնօրեն Լիլիա Գրիգորյանը»,- ասաց նա:
Սեւան քաղաքի լավագույն դպրոցի անդորրը խախտվեց ապրիլի 23-ին, երբ 12-րդ դասարանի գերմաներենի դասին պատահական դասալսման եկան տնօրենն ու փոխտնօրենը: Անահիտ Կարապետյանի պատմելով՝ դասից անմիջապես հետո նրանք սկսեցին ինչ-որ բացատրություններ պահանջել չորս աշակերտուհիների ներկայությամբ:
«Սկզբից հարցրին, թե ինչու գրատախտակ չունենք, ես էլ զարմացա. Էլէկետրոնային լսարանում ի՞նչ գրատախտակ: Իմ դիտարկմանը, թե հակամանկավարժական է երեխաների ներկայությամբ ուսուցչին դիտողություն անելը՝ տնօրենն ասաց, թե մենք ձեր դեմ բողոք ունենք աշակերտներից, դուք նրանց էրոտիկ տեսանյութ եք ցուցյ տվել: Այս հայտարարությունն ինձ շոկի մեջ գցեց, առավել շոկի մեջ ընկա, երբ փոխտնօրենն ու տնօրենը շրջվեցին աշակերտների կողմն ու գոռացին՝ «երեխաներ, մի վախեցեք, էն ինչ որ իմ մոտ պայմանավորվել էինք, արխային ասեք, ինքն այլեւս ձեր ուսուցչուհին չէ»: Ես անմիջապես հասկացա, որ իմ դեմ դավ են նյութել»,- պատմեց գերմաներենի ուսուցչուհին:
Նրա խոսքով՝ իրականում ցուցադրվել է ուսումնական տեսանյութ այն մասին, թե ինչպես են Գերմանիայում նշում Վերջին զանգը: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են տղաները բեմ բարձրանում՝ նմանակելով աղջիկներին:
«Առաջին պարի մեջ տղաները կիսաշրջազգեստ հագած նմանակում են աղջիկներին, հաջորդ պարի մեջ տղաները շորտերով դուրս եկան բեմ եւ ես անմիջապես ասացի, որ կասեցնեն ցուցադրումը: Այնուհետեւ այս աշակերտներին ստիպել են, որ իմ դեմ բողոքեն, նամակ գրեն, սակայն դա արվել է՝ երեխաների վրա ճնշում գործադրելով եւ առաջիկա քննություններով վախեցնելով»,- նշեց Անահիտ Կարապետյանը:
Արդեն երկու շաբաթ 12-րդ դասարանցիները գերմաներենի դաս չեն անում, տնօրենն ուսուցչուհուն արգելել է մտնել դասարան: Այնուամենայնիվ, Անահիտ Կարապետյանը չի պատրաստվում ընկրկել, արդեն դիմել է Սեւանի քաղաքապետին, ինչպես նաեւ նամակով դիմել ԿԳ նախարարին:
Մեր հարցին՝ ինչու այսպես ստացվեց, գերմաներենի ուսուցչուհին ունի իր ուրույն մեկնաբանությունը. «Ես ունեմ տնօրենի հավաստագիր, սակայն երբեք տնօրենի ընտրություններին չեմ մասնակցի, չնայած համոզված եմ, որ Լիանա Մկրտչյանն արժանի չէ եւ որպես մանկավարժ, եւ որպես տնօրեն: 20 տարի չի աշխատել, իսկ վերջին վեց տարիներին ինչ-որ մեկի միջնորդությամբ դարձավ տնօրեն ու վախենում է, որ իր գործը կխլեմ նրանից: Դրա համար է այս կերպ վարվում, բայց նորից եմ ասում՝ ես տնօրեն չեմ դառնալու, իմ տեսակին չի համապատասխանում»:
Նշենք, որ Սեւանի սկանդալը քննարկման թեմա է դարձել սոցկայքերում: Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հաստատել էր տեղի ունեցածը:




























