ՕԵԿ քաղաքական խորհուրդն, իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում, որոշում է կայացրել կուսակցությունից հեռացնել ԱԻՆ աշխատակիցներ Արմեն Բադեյանին, Համլետ Հակոբյանին, Աշոտ Մկրտչյանին, Արսեն Կարապետյանին, Արմինե Գրիգորյանին, Սերգեյ Հայրապետյանին, Արմեն Կարապետյանին:
Այս առնչությամբ ՕԵԿ տարածած հայտարարությունում նշովւմ է.
«ՕԵԿ քաղխորհուրդը մտահոգությամբ արձանագրել է, որ կուսակցության` կոալիցիայից դուրս գալուց հետո, գլխավորապես ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության եւ որոշ այլ կառույցների մի շարք աշխատակիցներ «անհասկանալի, գուցեեւ հասկանալի պատճառներով տատանողական դիրքորոշումներ են արտահայտում իրենց հետագա կուսակցական գործունեության կապակցությամբ»:
ինչը քաղխորհրդի գնահատմամբ պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով եւ գնահատվում է անընդունելի:
ՕԵԿ քաղխորհուրդը հայտարարում է, որ կուսակցությունից հեռացման նման դիրքորոշումը կշարունակվի առաջիկայում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կցուցաբերեն ոչ վայել մարդկային եւ քաղաքական վարքագիծ, քանի որ նրանք աշխատանքի են ընդունվել կուսակցության երաշխավորությամբ:
Կուսակցության քաղաքական խորհուրդը ընդգծում է, որ այսօր պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում որպես քաղաքացիական ծառայողներ աշխատում են բազմաթիվ մարդիկ, որոնք ներկայացնում են ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն, ՀԱԿ, ՕԵԿ կուսակցությունները եւ դա գնահատում է որպես ՀՀ պետական համակարգի կայացման դրսեւորումներից: Կուակցության քաղաքական խորհուրդը անընդունելի է համարում ուղղակի կամ անուղղակի լուռ կամ խուլ համաձայնությամբ քաղաքական հայացքների համար մարդկանց աշխատանքի կամ կուսակցության ընտրության առջեւ կանգնեցնելը եւ դատապարտում է բոլոր այն դրսեւորումները, որոնք ազդում են մարդկանց քաղաքական հայացքների եւ համոզմունքների վրա եւ կոչ է անում դադարեցնել նման անընդունելի գործելաոճը եւ հայտարարում, որ հետագայում եւս մշտապես հրապարակայնորեն անդրադառնալու եւ դատապարտելու է նման արատավոր գործելակերպը ցանկացած պետական կառավարման մարմնում:
Կուսակցության քաղաքական խորհրդ մեկ այլ որոշմամբ կուսակցության գլխավոր քարտուղար է ընտրվել Արտաշես Ավոյանը, աշխատակազմի ղեկավար` Արթուր Ղուկասյանը:
Քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել իր հաջորդ նիստը գումարել մայիսի 15-ին»:




























