Մոտ մեկ ամիս առաջ ստեղծված Ազատամարտի նվիրյալների միավորման ճակատագրի, դրա լուծարման պատճառների, ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի հետ ունեցած հարաբերությունների մասին զրուցել ենք ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբոյի) հետ:
Ի՞նչ եղավ Ազատամարտի նվիրյալների միավորման ճակատագիրը, ինչո՞ւ կազմակերպությունը լուծարվեց ստեղծումից մեկ ամիս անց:
Ստեղծված ամեն մի կազմակերպություն կարող է նաեւ լուծարվել, քանի որ նրանք ստեղծվում են գրասենյակում եւ այդ ծնունդը հաստատվում է թանաքով: Կազմակերպությունը կայացավ շատ արագ եւ պատրաստ էինք համագումարին, հանկարծ ամենքից անտեղյակ իմացվեց, որ լուծարվել է: Բայց դե չզարմացանք, զարմանալին միայն այն միտքն էր, թե ինչն է պատճառը, չէ՞ որ ստեղծված կազմակերպությունը ոչ ընդդիմադիր էր, ոչ ծայրահեղականներով համալրված, ոչ էլ հեղափոխական հրացանակիրներով, պարզապես մաքուր եւ հզոր հոգու տեր տղերքով էր համալրված, թեպետ աշխարհի օրենքներում հաճախ մաքուր եւ հզոր լինելն էլ խաթարում է հզորատերերին:
Այսինքն՝ տպավորություն է, թե որպես այդ կառույցի հիմնադիր՝ դուք տեղյակ չեք եղել ԱՆՄ-ի լուծարման մասին, դուք չեք լուծարել այն, ի՞նչ է՝ ձեր փոխարեն լուծարե՞լ են ձեր ստեղծած կառույցը, գուցե «վերեւներից» է հրահանգ եղել:
Ինչի՞ պետք է վերեւից՝ պետական մակարդակով հրահանգված լիներ, եթե կառույցը ոչ ծայրահեղականներով, ոչ հեղափոխականներով, ոչ էլ հրացանակիրներով էլ համալրված: Փակագծերը չեմ ուզում բացել, թե ինչը ոնց եղավ: Հիշեք, հզոր բաները ձեռ չեն տալիս շատերին, բայց թող նրանք իմանան, որ պատմությունը կերտած տղաները կանք, գոյություն ունեք եւ իզուր չչարչարվեն անուններ լուծարելով:
Արդյոք ԱՆՄ-ի լուծարման պատճառը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն է, քանի որ լրատվամիջոցներում տեղեկություններ կային, թե դուք եւ Ռուստամ Գասպարյանը նրա հետ հանդիպել եք, նախատինքի արժանացել եւ այդպես հարցը փակվել է:
Միայն հորս նախատինքներն ու «փեչի» շշի տփոցներն եմ մանկությանս տարիներին տարել որդիաբար, որը իմ ներաշխարհն է կնքել եւ Ծաղիկ Ռուբո տեսակ հոգեկերտվածք է դրել իմ մեջ: Չեմ հանդուրժի մեկին՝ անկախ նրա ով լինելուց՝ արժանապատվությանս դաշտում նախատել ինձ, հաստատ եմ ասում՝ եթե նման մարդ կա, թող փորձի, նույնը կասեի իմ ընկեր Ռուստամ Գասպարյանի մասին: Ես Մանվել Գրիգորյանի հետ հանդիպել եմ միայն ԵԿՄ համագումարից առաջ, դրանից հետո նրան չեմ տեսել, բայց ոչ ոքի թույլ չեմ տա ինձ թելադրել, ուղղորդել, ես ինքս իմ կյանքով մաքուր եմ ապրել եւ տեսակով լիդեր եմ:
Ի՞նչ դեր է ունեցել Գագիկ Ծառուկյանը ԱՆՄ-ի ստեղծման մեջ, արդյոք նոր կառույցի հովանավորը ինքն էր եւ այժմ դրա չկայանալով՝ վատ դրության մեջ եք հայտնվել նրա առաջ:
Գագիկ Ծառուկյանը ԱՆՄ-ի հետ կապ չի ունեցել, դա իմ եւ Ռուստամ Գասպարյանի նախաձեռնությունն էր: Իսկ ինչ վերաբերում էր մեր շուրջը ազատամարտիկների չյհամախմբմանը եւ որ դա է եղել լուծարման հնարավոր պատճառ, ցավով թող վշտանան մեր բռնած գործի նկատմամբ չկամությամբ լցվածները: Նվիրյալները կան, մենք միասին ենք եւ պետք եղած ժամանակ, այո, հենց վառոդի, ծխի հոտով լի համալիրի դահլիճում կարող ենք կայացնել նախադեպը չունեցող համագումար:
Մայիսի 8-ին Երկրապահի օրն էր, մայիսի 9-ին՝ Շուշի ազատագրման օրը, այն ժամանակ բոլորդ միասին էիք, այսօր պառակտվել եք: Չե՞ք տխրում, հետ հայացք նետելով՝ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ այսպես ստացվեց:
Տխրում եմ միայն ներկա իրավիճակի համար, այո, շատ տխուր է եւ զզվելի. «մուտիլովկեն» եւ չարությունը թեւակոխել է նաեւ պատերազմի բովով անցածների դաշտը, գուցե դա ժամանակի պահա՞նջն էր: Իսկ հայացքս հետ նետելով՝ չեմ տխրում ընդհակառակը՝ հոգիս իր մեջ ուրախություն է ապրում, քանի որ եղբորս եւ մնացած ընկերներիս ողջ եմ տեսնում: Բոլոր ողջերս շնորհավորում ենք Ձեզ՝ երկինք բարձրացած հզոր ոգիներ՝ ձեր եւ մեր այս տոնի համար, հազար փառք ձեզ մեր քաջարի եղբայրներ:
Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը




























