Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության պահանջի երթն ավարտվեց այնտեղ, որտեղ որ մեկնարկել էր՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները ակցիայի մասնակիցներին շնորհավորեցին ստացված երթի համար: «Այսօր շնորհավորելու երկու առիթ կա: Առաջինը, որ երթը ստացված էր, երկրորդը՝ մայիսի 9-ը: Աստված տա, իշխանության ներկայացուցիչների միտքը լուսավորվի, հասկանան այսօրվա ակցիայի մեսիջը ու չմտածեն, որ եթե այսօր փողոցը 6-7 ժամով չփակվեր, դա չի նշանակում, թե մենք իրենց չենք անհանգստացրել: Մի քիչ  իրենց ինտելեկտը պետք է բավարարի, դա հասկանալու համար»,-նշեց «Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը՝ հավելելով, որ այսօրվա ակցիան մեսիջ էր ուղղված իշխանությանը: «Եթե շարունակեն աչք փակել մեր պահանջի վրա, «Դեմ եմ»-ը կվերաճի ավելի ուժեղ պահանջատիրության»,-ասաց նա:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով շարժվեցին դեպի «Մոսկվա» կինոթատրոն: Նրանք ողջ ճանապարհին նվագում էին, երգում ու պարում: Կառավարության շենքի մոտ նրանք ամոթ-ամոթ բղավեցին:

Չնայած ճանապարհին թեթեւ անձրեւ էր տեղում, ակցիայի մասնակցիները բոլորը վերադարձան «Մոսկվա» կինոթատրոնի մոտ՝ լսելու «Դեմ եմ»-ի հետագա անելիքների մասին:

«Դեմ եմ» նախաձեռնությունը հայտարարեց, որ շաբաթ օրն իրազեկման ակցիա կիրականցնեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am