Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ նա քիչ բան է անում Ուկրաինայում լարվածությունը թուլացնելու համար:

«Նա, ցավոք, ընդունում է որոշումներ, որոնք հանգեցնում են նրան, որ Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքի նորմերը: Այսօր նա շատ քիչ բան է անում, որպեսզի իրապես նպաստի Ուկրաինայում վտանգավոր իրավիճակի լիցքաթափմանը»,-հայտարարել է Մերկելը՝ Rheinische Post թերթին տված հարցազրույցում:

Կանցլերի կարծիքով՝ քաղաքական բարդ իրավիճակներում «կարեւոր է պահպանել բանակցությունների պատրաստակամությունն ու ունակությունը»: Ինչ վերաբերում է նոր պատժամիջոցների կիրառմանը, ապա, ըստ Անգելա Մերկելի, եվրոպական երկրները «ծայրահեղ դեպքում պատրաստ են գնալ նման քայլի, նույնիսկ եթե իրականում մենք դա չցանկանանք»:

Այդուհանդերձ, գլխավոր նպատակը Ուկրաինայում իրավիճակի կայունացումն է դիվանագիտական ջանքերի ճանապարհով: Եվ այստեղ կարեւոր դեր կարող են խաղալ նախագահական ընտրությունները, որոնք Ուկրաինայում պետք է կայանան մայիսի 25-ին:

«Իրական դիվանագիտական հաջողությունները կարող են կանխել նոր պատժամիջոցների կիրառումը»,-հայտարարել է Մերկելը, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: