Հարավային Սուդանի կառավարական եւ ընդդիմադիր ուժերը մարդկության դեմ հանցագործություններ են կատարել, ասվում է Հարավային Սուդանում ՄԱԿ-ի առաքելության պատրաստած զեկույցում։

Փաստաթղթում տեղեկություն է պարունակվում բազմաթիվ էթնիկ սպանությունների, առեւանգումների եւ ձերբակալությունների վերաբերյալ, որոնք իրականացվել են այդ երկրում  չորս ամսվա զինված հակամարտությունների ընթացքում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

«Բավական հիմքեր կան կարծելու, որ մարդկության դեմ հանցագործություններն իրագործվել են կոնֆլիկտի ընթացքում ինչպես կառավարական, այնպես էլ ընդդիմադիր ուժերի կողմից», - նշվում է զեկույցում։

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի առաքելությունը պնդում է, որ իշխանությունները  մանրակրկիտ քննեն կոնֆլիկտի ընթացքում կատարված բոլոր հանցագործությունները եւ պատժեն դրանց պատասխանատուներին՝ անկախ զբաղեցրած պաշտոններից  կամ հասարակությունում ունեցած դիրքից։

Հիշեցնենք, որ Հարավային Սուդանում խռովություններն սկսվել էին 2013թ. դեկտեմբերի կեսերին՝ դինկա ցեղի, այդ ցեղից է նախագահ Սալվա Կիիրը, եւ նուեր ցեղի, որը ներկայացնում է նախկին փոխվարչապետ Ռիեկ Մաշար Տենին, ներկայացուցիչների միջեւ։ Ըստ նախնական տվյալների՝ զոհվել են հազարավոր մարդիկ։