Եզդի անասնապահներից Գառնի գյուղում «ոմն Ջիվան» հարկ է պահանջում՝ ոչխարի տեսքով: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունն այս առթիվ բաց նամակով դիմել է Հայաստանի ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանին, որտեղ ասվում է.
«Հարգելի պարոն ոստիկանապետ,
Ձեզ ենք դիմում մի խնդրի կապակցությամբ, որը հույս ունենք իր վերջնական լուծումը կստանա: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությանը խնդրանքով դիմել են մի խումբ եզդի անասնապահներ: Բանն այն է, որ մայիսին սար բարձրանալիս Արարատի մարզի եզդի անասնապահները Գառնի գյուղում հանդիպում են խնդիրների, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէ տեղավորել օրինականության սահմաներում:
Ամեն տարի սար բարձրանալիս, երբ նրանք հայտնվում են Գառնի գյուղի տարածքում նրանց ստիպում են «հարկ» վճարել ոչխարի տեսքով: Գառնի գյուղի բնակիչ` ոմն Ջիվան, գյուղի տարածքով անցնող եզդի անասնապահներին տեղեկացնում է, որ գյուղի ճանապարհով անցնելու կամ գյուղի արոտավայրերի տարածքում հանգստանալու համար իրեն պետք է «հարկ» վճարեն: Նրա այս առաջարկին դեմ դուրս եկողները անախորժ պատմությունների մեջ են ընկնում եւ շատերը ստիպված են լինում տուրք տալ նրա խաբեբայությանը:
Մեզ դիմող անասնապահները տեղեկացնում են, որ անցյալ տարիներին մի քանի անգամ դիմել են տեղի ոստիականությանը, սակայն որեւէ կերպ իրավիճակը չի փոխվել:
Ուստի խնդրում ենք Ձեզ` ձեռնարկել միջոցներ, որպեսզի այս օրերին սար բարձրացող եզդի անասնապահները նման անօրինական գործողությունների զոհ չդառնան: Մենք համոզված ենք, որ այս խնդիրը Ձեր կողմից անարձագանք չի մնա»:




























