Լոռիում շարունակում են որոնել ապրիլի 21-ից անհետ կորած 77-ամյա Վլադիմիր Մկրտչյանին: Այս մասին NEWS.am-ին ասաց անհետ կորածի հարազատներից Վարդան Մկրտչյանը:

«Ոստիկաններն ու փրկարարները ամեն օր սանրում են գետը, նայում ամբողջ տարածքը, սակայն անօգուտ, ոնց որ օդում ցնդած լինի»,- ասաց նա:

77-ամյա ծերունու հարազատները օրերս դիմել են Վրաստանի Մառնեուլի շրջանի էքստրասենսի, որն էլ ասել է՝ իբր ծերունին մայիսի 10-ին կվերադառնա տուն:

«Մոլան ասել է, որ մայիսի 10-ին տուն կգա, իսկ այս պահին ինչ-որ մի տեղ վիրավոր պառկած է»,- նշեց Վարդանը:

Ավելի վաղ, Վլադիմիր Մկրտչյանի հարազատները դիմել էին նաեւ հայ էքստրասենսների օգնությանը: Նրանք նույնպես ասել էին այն, ինչ վրացի գուշակն է ասել:

Նշենք, որ 77-ամյա ծերունին վերջերս էր վերադարձել Օդեսայից եւ ապրիլի 21-ին մեկնել էր հայրենի Սվերդլով գյուղ՝ ծնողների շիրիմին այցելության: Վերջին անգամ նրան տեսել է Սվերդլովի հովիվը, որից հետ 77-ամյա ծերունին անհետացել է: Նրան դեռեւս գտնել չի հաջողվում: