Հաղթանակի օրը մեծագույն տոներից մեկն է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցին նման տեսակետ է հայտնել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ով մայիսի 9-ին Երեւանի Հաղթանակի այգի էր եկել՝ Անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող կրակին ծաղիկներ դնելու համար։
«Մի կողմից դա տխուր տոն է, չէ՞ որ հանուն հաղթանակի միլիոնավոր մարդիկ իրենց կյանքն են զոհել։ Մյուս կողմից էլ՝ ուրախ առիթ է, գարնան եւ խաղաղության տոն։ Քանի որ մոլորակի խաղաղության համար է պայքար մղվել. ողջ մարդկության, բոլոր երկրների եւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաեւ՝ ԵԱՀԿ-ի պարտականությունն է սատարել այդ նախաձեռնությանը, մոլորակի վրա խաղաղություն ապահովել»,- նշել է Անդրեյ Սորոկինը։
Միեւնույն ժամանակ, դեսպանը նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների թիվը, ցավոք սրտի, գնալով նվազում է։ «Առողջություն եւ ստեղծագործական հաջողություններ եմ մաղթում նրանց։ Որովհետեւ այդ մարդիկ, չնայելով իրենց տարիքին, ակտիվ մասնակություն են ցուցաբերում տարբեր նախաձեռնությունների։ Նրանց ստեղծագործ ուժ եմ ցանկանում, որպեսզի խաղաղության ու բարության գաղափարները կարողանան կյանքի կոչել»,- ամփոփել է Անդրեյ Սորոկինը։




























