Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում մայիսի 8-ի երեկոյան, «Բելաջո» ռեստորանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռուքի մասին:

Ոստիկանության հաղորդագրությունում նշվում է.

«Մայիսի 8-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Կենտրոնականի բաժնի եւ ՊՊԾ գնդի 1-ին եւ 3-րդ գումարտակների ծառայողները Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 2 հասցեում գործող ռեստորանային համալիրի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 46-ամյա Մայիս Ե.-ին, 28-ամյա Խաչիկ Շ.-ին, 40-ամյա Գրիգոր Շ.-ին, 28-ամյա Սամսոն Ու.-ին, 18-ամյա Հարութ Հ.-ին, 28-ամյա Արեգ Բ.-ին, 32-ամյա Ամրամ Բ.-ին, 33-ամյա Գալուստ Պ.-ին, 34-ամյա Գագիկ Ա.-ին եւ 40-ամյա Արթուր Վ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, նշված ռեստորանային համալիրում նրանք վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով ռեստորանային համալիրում եղած քաղաքացիների նկատմամբ` տվել են սեռական բնույթի հայհոյանքներ ու տարբեր իրերով հարվածել միմյանց` կոտրելով ռեստորանային համալիրի գույքը:

Արթուր Վ.-ն եւ Մայիս Ե.-ն բուժօգնության են տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մայիսի 9-ին, ժամը 02.10-ին, Արթուր Վ.-ից ընդունվել է հաղորդում:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն»: