Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Միլանի ծերանոցներից մեկում, որպես օգնական, սկսել է հասարակական աշխատանքներ իրականացնել, հաղորդում է  ВВС-ն։

Բուժհաստատությունից հայտարարել են, որ չնայած Բեռլուսկոնիի անձի հայտնիությանը, աշխատավայրում նրա հանդեպ նույնպիսի վերաբերմունք է դրսեւորվելու, ինչպես եւ բոլոր այլ աշխատակիցներն են վայելում։

Հիշեցնենք, դատարանի որոշմամբ նախկին վարչապետը ստիպված է շուրջ 10 ամիս հասարակական աշխատանքներ իրականացնել։ Միլանի արվարձանում՝ Չեզանե Բոսկոնե բնակավայրում գործող «Սուրբ ընտանիք» հիմնադրամի ծերանոցում աշխատանքը Բեռլուսկոնիից շաբաթական մեկ օր է պահանջելու՝ առնվազն անընդմեջ չորս ժամ տեւողությամբ։ Նախկին պաշտոնյան հանձնարարված աշխատանքները պետք է բժիշկների եւ բուժքույրերի վերահսկողությամբ իրականացնի։ Եթե Բեռլուսկոնին այդ ընթացքում օրինակելի վարք ցուցաբերի, ապա վեց ամսից նրա պատժաչափը կարող է 45 օրով կրճատվել։