Ղարաբաղյան հակամարտության ռազմական գործողությունների էտապում զինվորականներն իրենց խոսքն ասացին եւ կարողացան իրենց առջեւ դրված խնդիրն ի կատար ածել։  Մայիսի 9-ին Երեւանի Հաղթանակի այգում լրագրողների հետ զրույցին հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից վերջերս հնչեցված 6 սկզբունքները մեկնաբանելու խնդրանքի։

«Մենք՝ զինվորականներս, կարողացանք մարտի դաշտում անհրաժեշտ հաղթանակն ապահովել։ Հիմա դիվանագիտական դաշտում հաղթանակներ ապահովելու հերթն է», - նշել է նախարարը։ Նրա խոսքով, Ջեմս Ուորլիքն ընդհանուր առմամբ ինչ-որ բացահայտում չի արել։ «Մեր խնդիրն է շարունակել պայքարը  եւ ամեն ինչ անել՝ նպատակներին հասնելու համար», - նկատել է Սեյրան Օհանյանը։

Ինչպես ավելի վաղ է հաղորդվել, Կարնեգիի կենտրոնում ելույթի ժամանակ Ջեյմս Ուորլիքը ԼՂ խնդրի կարգավորման 6 հիմնական տարրերն է ներկայացրել, որոնք հայտնի Մադրիդյան սկզբունքներն են արտացոլում։