«Պուտինը ոչ թե Հիտլեր է, այլ ավելի շուտ՝ Բիսմարկ... Նա պրագմատիկ քաղաքական գործիչ է», – մերձավորարեւելյան քաղաքականության ուսումնասիրության Վաշինգտոնի ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին ելույթի ժամանակ Ռուսաստանի նախագահին այսպես է բնութագրել Իսրայելի պաշտպանության նախկին նախարար եւ վարչապետ Էհուդ Բարաքը։
Նրա խոսքով, Եվրամիության քաղաքականությունը մարտահրավեր է նետել Կրեմլին «այն աստիճան, որ այլեւս չէր կարող անտեսվել», - հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Բարաքը նաեւ Վրաստանի եւ Ֆինլանդիայի նախկին նախարարների հետ վերջերս կայացած հանդիպման մանրամասներին է անդրադարձել։
«Ես նայում էի նրանց ու մտածում, որ այդ երկուսը Ռուսաստանի հետ հարաբերությունների ճիշտ եւ սխալ կառուցումն են արտացոլում։ Ֆինլանդիային հաջողվել է իր ժողովրդի ազատությունն ապահովել՝ միաժամանակ խուսափելով անվտանգության ոլորտում Ռուսաստանի թշնամական վերաբերմունքից։ Միխայիլ Սահակաշվիլին՝ փայլուն երիտասարդը, ոչ ճիշտ պահի եւ ոչ ճիշտ առիթով մարտահրավեր էր նետել Ռուսաստանին՝ ակնկալելով, որ աշխարհն օգնության կհասնի իրեն։ Հենց այստեղ է խելամտության ու պատրանքներով համեմված անխոհեմության միջեւ տարբերությունը»,- ասել է Էհուդ Բարաքը։
Նշենք, որ Ուկրաինայում ծավալված ճգնաժամի մեկնարկից ի վեր Իսրայելի կառավարությունը պաշտոնապես չեզոքություն է պահպանում։
Ինչպես ավելի վաղ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերն էր հայտարարել, «մեծ երկրները բազմաթիվ առավելություններ ունեն, փոքրերն ընդամենը մեկը՝ մենք կարող ենք միայն մեր խնդիրներով զբաղվել»։



























