Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունն ընդունել է կառավարության առաջարկն ու կմասնակցի նոր ծրագրի ձեւավորմանը: Այս մասին NEWS.am-ին ասաց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Առաջարկ եղել է յուրաքանչյուր խմբակցությանը, եւ յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե առաջարկ ներկայացնի, թե ոչ: Մենք որոշել ենք մեր առաջարկները ներկայացնել»,- ասաց նա՝ նշելով, որ այդ հարցը չեն քննարկել քառյակի մյուս ուժերի հետ:

Հարցին՝ արդյոք որոշվել է, թե ՀՅԴ-ն ինչպես է քվեարկելու կառավարության նոր ծրագրին, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ կորոշեն միայն ծրագիրը տեսնելուց հետո:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը մասնավորապես ասել էր. «Սպասում ենք որոշ քաղաքական ուժերի արձագանքին: Դեռեւս մեր առաջարկած ժամկետը չի լրացել, ուստի չեմ կարող ասել, որ ուժերը կարձագանքեն համագործակցելու մեր առաջարկին, որոնք՝ ոչ»:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am