Հասարակական կազմակերպություններն իրենցից խնդիր չեն ներկայացնում, հակառակը՝ նրանք օգնում են խնդիրներ լուծել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցին նման տեսակետ է հայտնել Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեյներ Մորելլը։
Նրա խոսքով, եթե հասարակական կազմակերպությունները օրենքի սահմաններում են գործում, ապա խնդիրներ չեն կարող ստեղծել։ «Դա նորմալ իրադրություն է»,- ընդգծել է դեսպանը։
Հիշեցնենք՝ օրերս Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը «Հայաստանի տարածքում գործող՝ հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու միտում ունեցող հասարակական կազմակերպությունների գործունեությունը չեզոքացնելու» անհրաժեշտության մասին էր խոսել։ «Ռուսաստանում, ի միջի այլոց, օրենք է ընդունվել, որով հստակ կարգավորվում է հասարակական կազմակերպությունների գործունեությունը։ Ի վերջո պարզ է, որ նրանք, ովքեր ռուս-հայկական բարեկամության դեմ ուղղված գործունեություն են ծավալում, չեն կարող ոչ Ռուսստանի, եւ ոչ էլ Հայաստանի բարին ցանկանալ»,- հավելել էր դեսպանը։
Հիշյալ հայտարարությունից հետո որոշ ՀԿ-ներ շտապել էին ՌԴ դեսպանին Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ մեղադրել։




























