Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համոզված է, որ ուկրաինական սցենարը Բելառուսում չի կարող կրկնվել։ «Դրա երաշխիքը մեր ժողովրդի իմաստություն ու հայրենասիրությունն է», - հայտարարել է նա Հաղթանակի օրվա առթիվ ծաղկեպսակներ դնելու արարողությանը։

«Մեր մերձավոր ու ազգակից Ուկրաինան թեժ կետ է դարձել», - նշել է նախագահը։ «Իշխանությունների անզորությունը, կաշառակերությունը, տնտեսության քայքայումը, արտաքին ինտրիգները եղբայրական ուկրաինացի ժողովրդին պատմական ողբերգության առաջ են կանգնեցրել՝ եղբայրը եղբոր վրա է ձեռք բարձրացրել», - նկատել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով, քաղաքացիական պատերազմի խարույկի մոտ ձեռքերը տաքացնել ցանկացողներ անմիջապես գտնվել են։ «Ուկրաինացի ժողովրդի արյունահեղ դրաման առիթ է դարձել՝ Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Բելառուսի ու Ռուսաստանի սահմաններին ընդառաջ ելնելու համար», - նշել է նախագահը։

Լուկաշենկոն նաեւ ընդգծել է, որ այսօր աշխարհում շատերը մոռացության են մատնում պատմության դասերը, իսկ որոշ պետություններ կրկին փորձում են ուժեղի իրավունքը հաստատել։

«Մենք հիշում ենք ավերված Հարավսլավիան, բոցերի մեջ հայտնված Իրաքը, բզկտված Լիբիան», - նշել է Լուկաշենկոն։

«Ով էլ որ փորձի տիրանալ մեր երկրին, արժանի պատասխան է ստանալու։ Մեր բանակն ու բոլոր ուժային կառույցները պատրաստ են ցանկացած պահի երկրի ինքնիշխանությանը տեր կանգնել եւ քաղաքացիական խաղաղությունը երաշխավորել՝ արտաքին եւ ներքին ոտնձգություններից», - ասել է Լուկաշենկոն։