Ադրբեջանը կանխամտածված ներքաշում է Իսրայելին եւ աշխարհի հրեա հանրությանը Հայաստանի եւ հայկական սփյուռքի դեմ անհեթեթ եւ հրեականության շահերին որեւէ կերպ չառնչվող տեղեկատվական հակամարտության մեջ: Մասնավորապես, ադրբեջանական «1news.az» կայքն այսօր «Ադրբեջանական, թուրքական եւ հրեական լոբբիստական կազմակերպությունները դիմել են Բարաք Օբամային» վերտառությամբ հոդված է հրապարակել, որում ներկայացրել է մի շարք կազմակերպությունների ստորագրած հակահայկական դիմումի տեքստը:
«Հրեական սփյուռքի կազմակերպությունների» շարքում, ամենայն հավանականությամբ, նկատի է առնվել Կովկասի հրեաների մշակութային կենտրոնը: Համենայն դեպս, հրեական պատկանելություն ենթադրող որեւէ այլ կազմակերպություն, մենք այդ ցանկում չգտանք:
Միաժամանակ, ինչպես NEWS.am-ին փոխանցեց Հայաստանի հասարակական ոլորտի ներկայացուցիչը, որը սերտ կապեր է պահպանում Հարավային Կովկասի, այդ թվում՝ Ադրբեջանի, հասարակական կազմակերպությունների հետ, Կովկասի հրեաների մշակութային կենտրոնը տեղակայված է Բաքվում եւ ընդգրկում է Ադրբեջանի մայրաքաղաքի մոտ մեկ տասնյակ բնակիչների՝ հրեաների կամ խառնածին՝ հրեա-ադրբեջանցիների:
«Օբամային ուղղված նամակը մաքուր տեղեկատվական բլեֆ է: Հրեական ոչ մի կազմակերպություն դա չի ստորագրել: Հրեաները, առավել եւս այդ համայնքի ազդեցիկ ներկայացուցչներն իրենց հարցերն ունեն Օբամային: Իսկ Ադրբեջանը տանը կառույցներ է բուծել, որ օգտագործի Իսրայելի անունը, հանդես գա հրեա ժողովրդի անունից՝ սեփական նպատակներին հասնելու համար»,- նշեց գործակալության զրուցակիցը, որը ցանկացավ գաղտնի մնալ:
Հիշեցնենք, որ մի շարք ադրբեջանական եւ թուրքական սփյուռքի կազմակերպություններ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նամակ էին հղել, որում Հարավային Կովկասի իրավիճակին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր էին բարձրացրել:
Այդ նամակը այսպես ասած, «համարժեք» պատասխանն էր Ամերիկայի հայկական համագումարի նամակի, որ հղվել էր ամերիկյան առաջնորդին՝ Թուրքիայի քաղաքականությանը գնահատական տալու խնդրանքով, եւ ըստ նամակի հեղինակների՝ Թուրքիան չի պատրաստվում կատարել «Ճանապարհային քարտեզի» պահանջները: Մասնավորապես, Ամերիկայի հայկական լոբբին վստահ է, որ Թուրքիան խուսափում է իր պարտավորություններից՝ հայ-թուրքական մերձեցումը կապելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ:




























