Ես իմ խոսքերը երբեք հետ չեմ վերցնի: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլոնկինը՝ անդրադառնալով օրերս արած իր աղմկոտ հայտարարությանը՝ ՀԿ-ներ փակելու եւ գրաքննություն մտցնելու մասին:

«Առաջին հերթին իմ հայտարարությունը վատ ընդունեցին ոչ թե Հայաստանում ընդհանրապես, այլ առանձին խմբեր: Երկրորդ, ոչ ոքի կոչ չեմ անում գնալ Հայաստանից, այլ կոչ եմ անում լինել հնարավորինս արդար բոլոր հարցերում»,-ասել է նա:

«Ես իմ խոսքերը հետ չեմ վերցնում երբեք: Հարցն այլ է. իմ ցանկացած խոսք կարող է մեկնաբանվել ինչպես հարմար է: Ես եկել եմ այստեղ, որպեսզի ամրապնդեմ ու ընդլայնեմ մեր երկրների հարաբերությունները՝ փոխադարձ հարգանքի ու սիրո մթնոլորտում: Իսկ թե ինչպես են մեկնաբանում իմ քայլերը, դա թող մնա իրենց խղճին»,- ընդգծել է ՌԴ դեսպանը: 

Նշենք, որ Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը մասնավորապես ասել էր .«Վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որեւէ կասկած չկա: Սակայն, հավանաբար, պետք է նաեւ այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս-հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում»,-ասել էր Իվան Վոլինկինը:

Դեսպանի այս հայտարարությունը հարուցել էր շատերի վրդովմունքը, մի քանի իրավապաշտպաններ կոչ էին արել դեսպանին անցանկալի անձ հայտարարել՝ Հայաստանի ներքին գործերին կոպտորեն միջամտելու համար: