Ես կոնկրետ դեմ եմ այդ մոտեցումներին, որ պետք է վերադարձնենք տարածքները եւ այլն: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի այգում, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, որտեղ նա ներկայացրել է ԼՂ խնդրի կարգավորման 6 կետերը:
«Հստակ պետք է բոլոր քայլերը լուծում ստանան, եւ այս խնդիրը պետք է լուծում ստանա երեք սկզբունքների հիման վրա՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք եւ ուժի չկիրառում: Դա է լինելու մեր սկզբունքը»,-հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթի ժամանակ ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման «հաստատված» փոխզիջման հիմնական 6 տարրերը, որոնցից ամենաուշագրավը երրորդ կետն է. «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել եւ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի»:




























