Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին` Վիկտոր Յանուկովիչ կրտսերը, բողոքում է պարբերական խուզարկություններից, ընդ որում՝ առանց դատարանի վճռի, գրել է նա Facebook-ի իր էջում:
«Պարբերաբար, իմ բացակայությամբ, իմ տուն են գալիս հյուրեր` խուզարկության նպատակով: Ընդ որում` երկու անգամ ինչ-որ դատարանի վճիռ էր եղել, իսկ վերջերս առանց որեւէ հիմքի, որեւէ փաստաթղթի եկել է մինչեւ ատամները զինված մարդկանց մի խումբ` կարծես թե պատրաստվում էին գրավել Բաստիլը, վախեցրել մարդկանց եւ խուզարկել տունը` ինչ-որ տարօրինակ իրեր որոնելով, որոնք ես երբեւէ չեմ ունեցել», - գրել է Յանուկովիչ կրտսերը:
Նա նաեւ լրատվամիջոցներին մեղադրել է արտասահմանյան բանկերում իր հոր հաշիվների մասին կեղծ տեղեկություն հրապարակելու մեջ: Ըստ նրա` ոչ մի հաշիվներ էլ չկան, եւ դրանց մասին լուրերը տարածվում են իր հորը վարկաբեկելու նպատակով:




























