Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցությունը կառավարության նոր ծրագրի վերաբերյալ առաջարկ անելու հարցը կքննարկի միայն այն ժամանակ, երբ կուսումնասիրի փաստաթուղթը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը

«Դավիթ Հարությունյանը դիմել է խմբակցությանը, բայց քանի որ դեռ չկա կառավարության ծրագիրը, չի կարող լինել նաեւ առաջարկ: Պետք է լինի փաստաթուղթ, որը քննարկելուց հետո միայն կարելի է առաջարկներ անել: Թող կառավարությունը ներկայացնի իր ծրագիրը եւ մենք մեր համապատասխան վերաբերմունքը կհայտնենք»,- ասաց նա:

Խմբակցությունը դեռ չի որոշել, թե ինչպես է քվեարկելու կառավարության ծրագրին: Հեղինե Բիշարյանը հորդորում է սպասել մինչեւ ծրագիրը տեսնելը:

«Քվեարկությունը կախված է ծրագրի բովանդակությունից: Կառավարության ծրագիրը պետք է չլինի բարի ցանկությունների ծրագիր, այն պետք է լինի խնդիրները լուծելու հստակ դեղամիջոց, այսինքն երկրում կուտակված խնդիրները իրատեսական լինի լուծել ծրագրով: Մենք կառավարության ծրագիրն այդպես ենք պատկերացնում: Երբ լինի ծրագիրը, մենք մեր մոտեցումները կհայտնենք, եւ մեր խմբակցության քվեարկությունը կբխի հենց ծրագրից»,- ավելացրեց նա:

Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնել էր, որ օրերս դիմել են խորհրդարանական ուժերին՝ առաջարկելով մասնակցել նոր կառավարության ծրագրի կազմմանը:

«Սպասում ենք որոշ քաղաքական ուժերի արձագանքին: Դեռեւս մեր առաջարկած ժամկետը չի լրացել, ուստի չեմ կարող ասել, որ ուժերը կարձագանքեն, որոնք՝ ոչ»,- ասել էր նա: