Մայիսի 9-ին, ժամը մոտավորապես 10։30-ին Մարիուպոլի կենտրոնում՝ ոստիկանության քաղաքային վարչության եւ Ազգային գվարդիայի գնդի զորամասի հարեւանությամբ հրաձգություն է սկսվել։

Ոստիկանության մամուլի ծառայությունը դեռեւս չի մեկնաբանում իրադրությունը; Ականատեսների վկայությամբ, անհայտ անձինք փորձում են վարչության շենքը եւ զորամասը վերահսկողության տակ վերցնել։

Քաղաքի բժշկական ծառայությունը եւս հաստատել է, որ կենտրոնում ավտոմատային կրակահերթեր են լսվում։ Վերջին տվյալների համաձայն, 4 մարդ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել։

Քաղաքի կենտրոն տանող ճանապարհները փակ են տրանսպորտի միջոցների եւ հետիոտների համար։

Սոցցանցերում նշում են, որ Մարիուպոլի օդանավակայանի կողմից Ուկրաինայի դրոշներ պարզած զրահատեխնիկա է հայտնվել, վկայակոչում է «Ուկրաինսկայա պրավդան»։

Ինչպես քաղաքական գործիչ Օլեգ Լյաշկոն է Facebook-ի իր էջին գրել, Մարիուպոլի ՆԳ վարչության շենքը զինված մարդկանց կողմից գրոհի է ենթարկվել։

«Վիրավորներ ունենք, մի քանիսը՝ ծանր։ Հարձակվողներից երեքը սպանվել են։ Փորձում ենք հետ շպրտել գրոհը։ Մեր դեմ պետական հետախուզական վարչության պրոֆեսիոնալներն են գործում»,- գրել է նախագահի թեկնածուն, մի փոքր անց հավելելով, որ շուրջ 30 հոգի կազմով գրոհայիններին հաջողվել է վարչության շենքի հարկերից երկուսը գրավել։

«Շենքն ամբողջովին շրջապատված է մեր զորքերով ու տեխնիկայով։ Ահաբեկիչները բարիկադավորվել են ներսում եւ պատասխան կրակ են բացում»,- հաղորդել է Լյաշկոն։