Հյուսիսային պողոտայում՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարեւանությամբ, մայիսի 6-ին` ժամը 01:40-ի սահմաններում մահացած հայտնաբերված` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 30-ամյա Պավել Ալմազովի հարազատները եկել եւ մայիսի 8-ին տեղզափոխել են վերջինիս դին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նոր կյանք» հիմնադրամի նախագահ Հայկ Առաքելյանը, որի հրավերով էլ Հայաստան էր եկել Պավել Ալմազովի խումբը՝ «EXPROMPTUS» էստրադային նվագախումբը:
«Պավելի հարազատները եկել եւ մայիսի 8-ին տարել են նրա դին, նվագախումբն էլ է հետը գնացել: Մինչեւ այդ էլ բոլորս հարցաքննվել են եւ նախնական վարկածը հաստատվել է. Պավելն ինքնասպանություն է գործել, այլ տարբերակներ եւ կասկածներ չկան»,- ասաց Հայկը:
Նրա խոսքով՝ հաստատվել է նաեւ NEWS.am-ի այն տեղեկությունը, թե մահվանից առաջ ռուս երաժիշտը sms է գրել կնոջը:
«Գրել էր, որ ես մահացած եմ, ուրիշ ոչ մի բան: Այս sms-ն էլ ստիպում է մտածել, որ հնարավոր է՝ ընտանիքում խնդիրներ է ունեցել եւ դրա համար է նման քայլի դիմել»,- ավելացրեց «Նոր կյանք» հիմնադրամի նախագահը:
Պավել Ալմազովի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 10-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը Պավել Ալմազովը «EXPROMPTUS» էստրադային նվագախմբի կիթառահարներից է , Հայաստան էր եկել Հաղթանակի օրվա կապակցությամբ մայիսի 2-6-ը Երեւանում եւ Գյումրիում կայանալիք բարեգործական համերգների:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:



























