Գորիսի քաղաքապետի պաշտոնին հավակնում են 4 թեկնածու, նրանցից երկուսը Հանրապետական են, մյուսները՝ անկուսակցական: Գորիսեցիների 90 տոկոսը հույս ունի, որ քաղաքապետ կընտրվեն Արա Բուդաղյանը կամ Տիգրան Կարապետյանը, որպեսզի վերջ դրվի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «բեսպրեդելին»:

NEWS.am-ի հետ զրույցում գորիսեցիները հայտնեցին, որ չնայած ընտրություններին ամենաքիչը 20 օր կա, սակայն արդեն լարվածություն է նկատվում: Պատճառն այն է, որ թեկնածուներից մեկին՝ ՀՀԿ-ական Վաչագան Ադունցին, սատարում է հենց Սուրիկ Խաչատրյանը:

«Հայջրմուղկոյուղի» ընկերության Գորիսի մասնաճյուղի տնօրենն է, լավ մարդ է, սակայն եթե ինքը Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն է, մեկնաբանություններն ինքներդ արեք: Ամեն դեպքում բարեկամանական կապ նրանց մեջ չկա, սակայն ընդհանուր շահեր ունեն, երեւի դրա համար էլ Լիսկան իրեն է պաշտպանում»,- ասացին գորիսեցիները:

Մյուս ՀՀԿ-ական թեկնածուն Արա Բուդաղյանն է, որը գորիսեցիների խոսքով՝ «մաքրամաքուր» հանրապետական է: Նշենք, որ Արա Բուդաղյանը Գորիսի «Վարարակն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացած Ավետիք Բուդաղյանի և վիրավորված ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրը: Սակայն այս միջադեպի պատճառով չէ, որ նա առաջադրվել է:

«Առաջադրվել է, որովհետեւ ցանկանում է ժողովրդի համար լավ բան անել: Այսօր գորիսեցին ասֆալտապատ եւ լուսավոր փողոցների կարիք ունի, առավել եւս բարոյահոգեբանական լավ մթնոլորտի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արա Բուդաղյանի ներկայացուցիչ Ռոբերտ Հակոբյանը՝ նշելով, որ Գորիսի 95 տոկոսը պատրաստ է ընտրել Բուդաղյանին:

Սակայն Բուդաղյանը միակ հավանական թեկնածուն չէ: Անկուսակցական Տիգրան Կարապետյանը, որը Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրենն է, նույնպես մեծ հնարավորություններ ունի եւ վայելում է գորիսեցիների վստահությունը: Գորիսի բնակչությունը ցանկանում է, որ կամ Տիգրան Կարապետյանը, կամ Արա Բուդաղյանը ընտրվի:

«Երբեւէ հանցագործություն չեն արել, թալանով չեն զբաղվել, մարդ չեն սպանել, խուլիգանություն չեն կատարել: Հենց այսպիսի թեկնածու ենք մենք ուզում»,- NEWS.am-ին ասացին գորիսեցիները:

Առաջադրված վերջին թեկնածուն անկուսակցական Հրայր Յոլյանն է, որին քիչ գորիսեցիներ են ճանաչում: Գորիսում չեն հավատում, որ նա կհաղթի ընտրություններում:

Նշենք, որ մինչեւ մայիսի 14-ը թեկնածուները հնարավորություն ունեն հետ վերցնել իրենց դիմումը: Նախընտրական քարոզարշավը սկսվելու է մայիսի 21-ին: Ընտրությունը հունիսի 8-ին է: Ըստ երեւույթին, Գորիսում թեժ ընտրություններ են սպասվում: