Հայ-ռուսական բարեկամությունը շատ մեծ արժեք է բոլոր հայերի համար, եւ այդ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը, ըստ որի Հայաստանում պետք է «այլ մեթոդներով չեզոքացնել այն ՀԿ-ների գործունեությունը, որոնք սեպ են խրում հայ-ռուսական բարեկամության մեջ» եւ հակառուսական քարոզչություն են իրականացնում:
Նրա խոսքով՝ Հայաստանում ՌԴ դեսպանը արտահայտվել է կոնկրետ ձեւակերպմամբ, նա նկատի է ունեցել այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում: «Կարծում եմ, որ այն բոլոր կազմակերպությունների գործունեությունը, որոնք սեպ են խրում այդ բարեկամության մեջ, դիտարկման կարիք ունի»,-ասել է Ուրիխանյանը: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ դեսպանի հայտարարությունը չի կարող դիտարկվել որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին, քանի որ այն ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններին:
Նշենք, որ Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը մասնավորապես ասել էր .«Վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որեւէ կասկած չկա: Սակայն, հավանաբար, պետք է նաեւ այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս-հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում»,-ասել էր Իվան Վոլինկինը:
Դեսպանի այս հայտարարությունը հարուցել էր շատերի վրդովմունքը, մի քանի իրավապաշտպաններ կոչ էին արել դեսպանին անցանկալի անձ հայտարարել՝ Հայաստանի ներքին գործերին կոպտորեն միջամտելու համար:




























