Դեբեդ գետում շարունակում են որոնել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ, 68-ամյա Էլմիրա Մելքոնյանին, որը մայիսի 7-ին տնից դուրս գալիս՝ հարազատներին հայտնել էր, թե ինքնասպանություն է գործելու: Այս մասին NEWS.am-ին ասաց Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանը:
«Արդեն երեք օր է՝ որոնում են գետում, սակայն ապարդյուն, ոչ մի հետք չկա: Գործը դժվարացնում է նաեւ այն, որ գետը շատ վարարած է, դրա համար մեծ մասամբ բարակած տեղերում են նայում»,- ասաց նա:
Գյուղապետը նշեց, որ փրկարարներն ու ոստիկանները 68-ամյա կնոջը որոնում են միայն գետում, քանի որ անհետանալուց առաջ ընտանիքի անդամներին հայտնել էր, որ հենց Դեբեդ գետն էր նետվելու:
Գյուղացիների կարծիքով՝ ինքնասպանություն գործելու որոշում Էլմիրա Մելքոնյանը կայացրել է, քանի որ երիտասարդ որդին վերջերս կաթված է ստացել, իսկ ամուսինն էլ նույնպես հիվանդ է:
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ մայիսի 8-ին, ժամը 13.26-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ` 1946 թ. ծնված Է. Մ.-ը. մայիսի 7-ին տանից դուրս է եկել եւ չի վերադարձել. վերջինս տան անդամներին տեղեկացրել է, որ ինքնասպանություն կգործի՝ նետվելով Դեբեդ գետը:




























