Մարիուպոլի քաղխորհրդի շենքը, որտեղ այս գիշեր հրդեհ էր բռնկվել, մասամբ այրվել է: Այս մասին ականատեսներին վկայակոչելով հաղորդում է «0629» լրատվական կայքը:

Հրդեհից շինության աջ թեւի բոլոր չորս հարկերում գտնվող առանձին աշխատասենյակներ են վնասվել, ներառյալ քաղխորհրդի մեծ սրահը, ինչպես նաեւ կենտրոնական մասնաշենքի վերին հարկերը` գրեթե ամբողջությամբ: Տուժածների մասին տեղեկություններ դեռեւս չկան:

Ամբողջությամբ այրվել են նաեւ շքամուտքի առջեւ անջատողականների կողմից կառուցված բարիկադները: Հրդեհի առաջացման պատճառները դեռեւս չեն բացահայտվել:

Հիշեցնենք` նախօրեին Մարիուպոլում զինված ահաբեկիչները փորձել էին ոստիկանության քաղաքային վարչության շենքը գրավել: Իրավապահների հետ ընդհարումների արդյունքում գրոհայինների հարձակումը հետ էր շպրտվել, սակայն շենքում հրդեհ էր բռնկվել, ինչ արդյունքում այն ամբողջությամբ այրվել էր: Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ մայիսի 9-ին Մարիուպոլում ձեռնարկված հակաահաբեկչական գործողության ընթացքում 21 մարդ է զոհվել: