Երեւանում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միության համագումարը: Նախատեսվում է, որ համագումարի ընթացքում կառույցը կվերանվանվի Երիտասարդական կոնգրես: Համագումարի ընթացքում ակնկալվում է նաեւ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը (ֆոտոռեպորտաժ):  

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ համագումարին բացի ՀԱԿ անդամներից մասնակցում են նաեւ խորհրդարանական քառյակի մյուս կուսակցությունների՝ ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ երիտասարդական թեւերը։

Նիստը վարող Արշակ Մուսախանյանն իր ելույթում նշեց, որ նախկին ՀՀՇ երիտասարդական կառույցի համար այս համագումարը բացառիկ է, որովհետեւ սա առաջին համագումարն է ՀԱԿ կուսակցություն վերանվանվելուց հետո, նաեւ այն պատճառով, որ առաջին անգամ օրակարգում չկա քաղբանտարկյալների հարցը, քանի որ իրենք հասել են նրանց ազատ արձակմանը:

«Մեր առաջին խնդիրը՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, համարում եմ կատարած։ Միգուցե, եթե մենք ակտիվ չգործեինք, մեր քաղբանտարկյալները՝ Տիգրան Առաքելյանը, կմնար ձերբակալված։ 2007-ից ի վեր քաղբատարկյալների հարցն է եղել օրակարգային»,- ասաց Արշակ Մուսախանյանը։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am