Շիրակի մարզում երեկ՝ մայիսի 9-ին վթարի հետեւանքով զոհվածը նոր էր ազատվել բանտից:

Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել այդ ավտովթարից: Մահացողը Գյումրիի Սլաբոդկա թաղամասի բնակիչ, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարեւան, 34-ամյա Արա Մրյանն է, որը մեղադրվեց 2006 թվականի գարնանը Գյումրու կենտրոնում՝ Արվեստների ակադեմիայի հարեւանությամբ գտնվող «Դուետ» սրճարանում հնչեցրած կրակոցների մեջ: Նա, ըստ առաջադրված մեղադրանքի, սրճարանում կրակել էր Մայիս Կարապետյանի վրա, որը մահացել էր Գյումրու Ճերմակ հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Այդ ժամանակ քրեական գործ հարուցվեց նաեւ վիրաբույժ Հրանտ Ներսիսյանի դեմ, որը մեղադրվեց հետվիրահատական սխալ թույլ տալու համար:

Ըստ որոշ տեղեկությունների, Արա Մրյանը` Գյումրիում առավել հայտնի Սլաբոդկի Պիշ մականունով, 8 տարի դատապարտվելով ազատազրկման, 2 ամիս առաջ էր դուրս եկել գաղութից: Տարածված խոսակցությունների համաձայն, նրան BMW X5 մակնիշի մեքենան նվիրել էին ընկերները, որոնց շարքում էր նաեւ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակը:

Մաստարայի մոտ տեղի ունեցած վթարի ժամանակ մեքենայում եղել են չորսով` երկու ջահել տղաներ եւ աղջիկներ, թե որն է եղել մահվան պատճառը, կպարզի հետաքննությունը: Հավելենք մի ուշագրավ փաստ եւս, Արա Մրյանը մահացել է այն նույն օրը, որը օրը 8 տարի առաջ «Դուետ» սրճարանում հնչած կրակոցներից մահացավ  Մայիս Կարապետյանը:  

Նշենք, որ, ըստ ոստիկանության, մայիսի 9-ին, ժամը 00.01-ի սահմաններում, 1980 թ. ծնված Արա Մրյանի վարած «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում` Մաստարա գյուղի տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ վթարի ենթարկվել, ինչի հետեւանքով վարորդն ու երկու ուղեւորները /տվյալները պարզվում են/ տեղում մահացել են, իսկ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում