NEWS.am-ը կրճատումներով ներկայացնումէ Ֆրանսուա Օլանդի` Հարավային Կովկասի երկրներ այցի նախօրեին «Le Progrès» ֆրանսիական թերթում հրապարակված վերլուծական հոդվածը.

Ֆրանսիայի նախագահը կիրակի Ադրբեջան է մեկնում. դա Հարավային Կովկասի երկրներով նրա նրբանկատ շրջագայության առաջին կանգառն է: Մինչեւ երեքշաբթի նա մտադիր է նաեւ Հայաստան եւ Վրաստան այցելել: Այս երեք երկրները հզոր հարեւանի` Ռուսաստանի հարավային թեւն են կազմում եւ աչքի առաջ ուկրաինական ճգնաժամն ունեն: Ֆրանսուա Օլանդի այցը մեծ լարվածության մթնոլորտում է իրականացվում, քանի որ Բաքու ժամանումը, հակառակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետաձգման կոչերի, ուկրաինական ռուսամետ ապստամբների կողմից կազմակերպվելիք անկախության հանրաքվեի հետ է համընկնելու:

Նախկին խորհրդային հանրապետությունները` Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը, բարդ, երբեմն էլ հակասական հարաբերություններ ունեն պուտինյան Ռուսաստանի հետ, որին նյարդայնացնում է ԽՍՀՄ նախկին արբանյակների մերձեցումը Եվրամիության հետ: Մերձեցում, որ ուկրաինական ճգնաժամի պատճառ է դարձել: Այդ համատեքստում, ավելին` հաշվի առնելով Ուկրաինայում տիրող լարվածությունը լիցքաթափելու գործում Մոսկվայի ներդումն ապահովելու նպատակով  Արեւմուտքի կողմից գործադրվող ջանքերը, Օլանդը կխուսափի յուղ լցնել կրակի վրա, հատկապես` Վրաստանում, որ, Ռուսաստանի խորին հիասթփափմամբ, ԵՄ-ին եւ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամագրվելու լուրջ միտում ունի: Ֆրանսիայի նախագահը կարող է միայն այդ երկրի տարածքային ամողջականությանն աջակցություն հայտնող հայտարարություններով բավարարվել:

«Տնտեսական դիվանագիտության» հետեւորդ Ֆրանսուա Օլանդը, ինչպես գրեթե միշտ, ձեռնարկությունների ղեկավարների կազմով մեծ պատվիրակության ուղեկցությամբ կմեկնի: Չնայած Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեցող սերտ քաղաքական եւ պատմական կապերին (500 հազար ֆրանսիացի հայկական ծագում ունի), այդ երկրի հետ իրականացվող երկկողմանի առեւտուրը շարունակում է գաճաճ մակարդակի վրա մնալ: Նախորդ տարի այն ընդամենը 50 մլն եվրո էր կազմել:

Նախագահը, ի թիվս այլ միջոցառումներ, երկուշաբթի երեկոյան հայկական ծագումով երգիչ Շառլ Ազնավուրի` Երեւանում կայանալիք համերգին կմասնակցի:

Ֆրանսուա Օլանդը մտադիր է իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկել, որ տասնամյակներ շարունակ թունավորում է երկու երկրների հարաբերությունները: Ռուսաստանի կողմից Ղրիմի, որպես վտանգավոր նախադեպ, միակցման ֆոնին Օլանդը մտադիր ընդգծել, որ երկու կողմերը պետք է բանակցությունները վերսկսելու ակնհայտ շահագրգռվածություն ունենան: Սակայն այդ աշխատատար գործում կտրուկ առաջխաղացման պետք չէ սպասել: