Ժողովուրդն ուզում է, որ օրենքը բոլորի համար հավասար լինի, ոչ թե ինչ-որ մեկին «ցավեցնեն, կճմտեն կամ «պրեսսի» տակ պահեն»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք Հովիկ Աբրահամյանն իր խոստացածի համաձայն կցավեցնի՞ իր մերձավորներին:

«Պետք չի՝ Հովիկ Աբրահամյանը ցավեցնի, ոչ մի բան պետք չի, որ իր մերձավորները ցավան ու դրանից ժողովուրդն ուրախանա: Եթե իրենց թվում է, որ ինչ-որ մեկին ցավացնում են, անգամ իրենց հարազատին, ինչ-որ մեկին դուր է գալիս, սխալվում են: Ժողովուրդն ուզում է, որ ամեն ինչ լինի ըստ օրենքի եւ հավասար բոլորի համար: Ես կարծում եմ, որ դա է ուզում ժողովուրդը, որ օրենքի առաջ բոլորը հավասար լինեն: Պետք չի, որ ինչ-որ մեկին ցավեցնեն, մեկին կճմտեն, մյուսին էլ պրեսի տակ պահեն»,- ասաց նա:

Անդրադառնալով կառավարության նոր ծրագրին՝ քաղտեխնոլոգը նշեց, որ չի ցանկանում գուշակել, քանի որ մի քանի ամսից ամեն ինչ պարզ կլինի արդեն:

«Հայաստանում ես արդեն վաղուց թղթի վրա գրվածին չեմ հավատում, ինչ ծրագիր կլինի՝ իրատեսական, գեղեցիկ, տիեզերական, ինձ չի հետաքրքրում: Որպես Հայաստանի հանրապետության քաղաքացի՝ արդեն 25 տարի զզվել եմ տարբեր տեսակի ռեֆորմներից, ծրագրերից, բարեփոխումներից, եթե դա չի բերելու էս պետության եւ ժողովրդի բարեկեցության, ինձ համար միեւույնն է, ինչ ծրագիր է: Կաշխատեն լավ կլինի, շատ լավ, չեն աշխատի, մնացածը թղթի վրա է, ռուսներն ասում են՝ «бумага все стерпит», ինչ ասես, կարող են գրել վրան: Մենք հայերս ասում ենք՝ աչքս տենա»,- ավելացրեց Կարեն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը մասնավորապես ասել էր. « Մենք փորձելու ենք մեր իրատեսական քայլերով, ոչ ստանդարտ որոշումներով վստահությունը կամաց-կամաց վերականգնել: Մենք ունենք նաեւ մեծ խնդիր տնտեսական ոլորտում, որը շատ կարեւոր է: Ամեն ինչ անելու եմ, որ ստեղծեմ հավասար պայմաններ, որ գործարարը հասկանա, որ հավասար պայմաններ են բոլորի համար: Դժվար է լինելու, սակայն մենք գնալու ենք այդ քայլին, պետք է բոլորը հասկանան՝ իմ մերձավորները, գործընկերները: Ես ինձնից եմ սկսելու, հաղթանակի օրը ես ցանկանում եմ դա հնչեցնել: Դա մեսիջ է իմ բոլոր գործընկերներին, ընկերներին, մերձավորներին: Ես ստեղծելու եմ հավասար պայմաններ բոլորի համար»: