Ռուսական Տյումեն քաղաքում ապրիլի 21-ին սեփական բնակարանում դանակի 40 հարվածից սպանված 26-ամյա Նունե Սարգսյանի գործը դատարանում կլինի ամենաուշը երկու-երեք ամսից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանվածի ամուսինը՝ Արամ Ապրեսյանը:

«Ոստիկանությունը շարունակում է քննչական գործողություններ կատարել, այս պահին տարբեր անալիզներ են վերցնում՝ հագուստի, սպանության վայրի, տարբեր իրերի: Կարծում եմ, որ երկու-երեք ամսից արդեն այդ տղայի դատավարությունը կսկսվի»,- ասաց նա:

Դեռ հայտնի չեն նաեւ Նունեի Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Ոստիկանությունից Նունեի հարազատներին խոստացել են երկու ամսվա ընթացքում տրամադրել արդյունքները:

«Մենք հիմա ուզում ենք, որ էդ տղան պատժվի, իսկ մնացածը մեզ համար արդեն նշանակություն չունի»,- ավելացրեց Արամը:

Նշենք, որՆունեի սպանության մեջ մեղադրվող պիցցայի առաքիչ 22-ամյա տյումենցի Զախար Կովրիգինը մինչեւ դատավարության ավարտը մնալու է կալանքի տակ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ որ Տյումենում սարսափելի սպանություն է կատարվել: Պիցցայի առաքիչ 22-ամյա տյումենցի Զախար Կովրիգինը Նունեի պատվերն առաքելիս որոշել է տիրանալ աղջկա ունեցվածքին: Կովրիգինը դանակ է հանել եւ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել, որ աղջիկը իրեն հանձնի ձեռքի տակ եղած ողջ գումարն ու արժեքավոր իրերը: Ստանալով պահանջվածը` ոսկե մատանիներ եւ գումար, չարագործը, մտավախությամբ, որ տուժողը տեղի ունեցածի մասին կհայտնի իրավապահ մարմիններին, նրան դանակի առնվազն 40 հարված է հասցրել: Հարուցվել է քրեական գործ: