Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 51-ամյա Աշոտ Խ.-ն մեղադրվում է ոստիկաններին հայհոյելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա մայիսի 13-ին ժամը 19:00-ի սահմաններում: Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ Աշոտը ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնում խախտել է հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտել հասարակության նկատմամբ, չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին ու խաթարելով նրանց բնականոն աշխատանքը տևական ժամանակով` շուրջ 20 րոպե հայոյանքներ եւ բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել բաժնում ծառայություն իրականացնող ոստիկաններին:
Աշոտ Խ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Աշոտ Խ.-ն կալանավորված է:
Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը կնշանակվի առաջիկայում:




























