Երեւանի բնակիչ, 63-ամյա Օլեգ Տ.-ն մեղադրվում է Արմավիրի մարզի Թաիրով գյուղի բնակչուհի Շուշանիկ Ս.-ին ծեծելու եւ էլեկտրահարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 7-ին, ժամը 17:00-ի սահմաններում: Օլեգը Արմավիրի մարզի Թաիրով գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճել է նույն գյուղի բնակչուհի Շուշանիկ Ս.-ի հետ: Վիճաբանության ընթացքում 63-ամյա տղամարդը բռունցքով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է կնոջ դեմքին, այնուհետեւ իր ձեռքում գտնվող էլեկտրական պարպիչի միջոցով էլեկտրահարել է Շուշանիկի պարանոցի ձախ կողմնային հատվածը` պատճառելով մարմնական վնասվածք:
Օլեգ Տ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:




























