Իտալիայի քաղաքացի, 42-ամյա Վալերիանո Դի Սիմոնեն մեղադրվում է Հայաստան թմրանյութ բերելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին: Մեկ օր առաջ Վալերիանոն Դոմինիկյան Հանրապետությունում ստացել է նախապես պատրաստված գաղտնարաններում թաքցված` առանձնապես խոշոր չափերի 2 կգ 936,9 գրամ ընդհանուր քաշով կոկաին տեսակի թմրամիջոցներով ճամպրուկը, որն էլ հաջորդ օրը իր հետ ինքնաթիռով բերել է Հայաստան:  Թմրանյութի մի մասը հայտնաբերվել է մաքսատան աշխատակիցների կողմից մաքսային հսկողության ժամանակ:

Վալերիանո Դի Սիմոնեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 215-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջինը նախատեսում է ազատազրկում յոթից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ երկրորդը՝ նորից ազատազրկում չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Իտալացին կալանավորված է:

Գործը քննվում է Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ հայտնի չէ: